12 Հոկտեմբեր, Շբ
Գալիլեայի Հերովդես թագավորի հետ ունեցած թշնամության պատճառով: Պիղատոսի այս ապօրինի վարքագիծը Հիսուսին պատմեցին այն նպատակով, որ եթե հավանություն ցույց տա, իրեն Հերովդեսին մատնեն: Ոմանք էլ կարծում են, թե նրանք իրենց մեղքերի պատճառով պատիժ կրեցին: Բայց որովհետև իրենք ևս մեղավոր էին, Հիսուսը նրանց ասում է. «Մի՛ կարծեք, թե նրանք բոլոր գալիլեացիներից ավելի մեղավոր լինելու համար այդպիսի աղետի զոհ դարձան: Բայց եթե դուք ևս չապաշխարեք, ամենքդ էլ այդ կերպ պետք է կորչեք»:
Հիսուսն իրեն ունկնդրողներին այս խոսքով զղջման ու ապաշխարության է հորդորում: Նույն ժամանակ Երուսաղեմի մոտ փլվել էր Սելովամի աշտարակը, և նրա փլատակների տակ տասնութ մարդ էր զոհվել: Ուստի դարձյալ ասում է. «Մի՛ կարծեք, որ նրանք Երուսաղեմի բոլոր բնակիչներից ավելի մեղավոր էին: Ո՛չ, բայց եթե չապաշխարեք, դուք բոլորդ էլ նրանց նման պետք է կորստյան մատնվեք»:
Թող ուրեմն երկնչեն նրանք, ովքեր իրենց մեղքերի մեջ հարատևում են անուղղելի կերպով, որովհետև ինչպես որ ողորմած լինելով՝ Աստված համբերում է և մեղավորին իսկույն չի պատժում, այնպես էլ արդար լինելով՝ չզղջացող ու չապաշխարող մեղավորին անպատճառ կպատժի: Այս մասին Հիսուսը մի առակ էլ է պատմում. «Մի մարդ իր այգում թզենի տնկեց, և երբ երեք տարի գալով՝ պտուղ չգտավ նրա վրա, այգեպանին ասաց, թե՝ «Ինչո՞ւ այս ծառը պետք է հողը զբաղեցնի: Կտրի՛ր այն»: Նա էլ մի տարի պայմանաժամ է խնդրում, որպեսզի ծառի շուրջը փորելով՝ աղբ լցնի, և եթե նորից պտուղ չտա, հաջորդ տարի կտրի այն»:
Խրա՛տ առ. որովհետև այս աշխարհը կամ մանավանդ սուրբ եկեղեցին Աստծու այգին է, հավատացյալներից յուրաքանչյուրը՝ նույն այգում տնկված մի ծառ, ուստի երբ մարդ իր պատանեկության, երիտասարդության ու ծերության շրջանում, որ ցույց են տալիս երեք տարիները, առաքինության պտուղ չբերի, անպտուղ ծառի նման կկտրվի և դժոխքի հավիտենական անշեջ կրակի մեջ կնետվի:
Այնուհետև Հիսուսը մի շաբաթ օր գնում է նրանց ժողովարանը՝ ժողովրդին քարոզելու: Այնտեղ մի կին կար, որն իր մեջ մտած դևի պատճառով տասնութ տարիներ ի վեր հիվանդ էր ու կուչ եկած (մարմինը կորացած) և երբեք չէր կարող դեպի վեր նայել: Երբ Հիսուսը նրան տեսավ, կանչելով իր մոտ՝ ասաց. «Դու հիվանդությունից փրկված ես այլևս»: Եվ ձեռքը նրա վրա դնելուն պես հիշյալ կինն իսկույն բժշկվում է ու սկսում փառաբանել Աստծուն:
Սակայն ինչպես որ փարիսեցիներն էին միշտ նախանձում Հիսուսի փառքին, այդպես էլ նույն ժողովարանի ժողովրդապետը, վերոհիշյալ հրաշքը տեսնելով, նախանձեց և թեպետ Հիսուսի դեմ ոչ մի մեղադրանք չէր կարող ներկայացնել, բայց օրենքը պատճառ բռնելով՝ ոչ միայն բարկանում է, թե ինչո՛ւ է շաբաթ օրով բժշկել խեղճ կնոջը, այլև ժողովրդին հանդիմանում է, որ բժշկվելու համար ուրիշ օրեր գան: Ոչ թե իրոք օրենքին նախանձախնդիր լինելով հանդիմանեց, այլ կեղծավորությամբ: Այս պատճառով Հիսուսը նրա կեղծիքը բացահայտելու նպատակով ասում է. «Մի՞թե ամեն մարդ, շաբաթ օրը իր եզն ու էշը մսուրից հանելով, ջրելու չի տանում: Արդ, այս կինը, որ Աբրահամի ցեղից է, տասնութ տարիներ ի վեր սատանայից բռնված էր. մի՞թե պարտ ու պատշաճ չէ նրան շաբաթ օրով ազատելը»:
Հիսուսի այսպիսի հանդիմանական խոսքերը լսելով՝ նրա բոլոր հակառակորդները ամոթահար մնացին, իսկ պարզասիրտ ու բարեմիտ ժողովուրդը, որ նախանձ չուներ նրա նկատմամբ, տեսնելով նրա գործած հրաշքը, չափազանց մեծ ուրախություն ու խնդություն է արտահայտում: Երբ շատերին այսպես ամոթահար թողնելով՝ բարեսիրտ մարդկանց էր ուրախացնում, Հիսուսը մի առակ ևս պատմեց մանանեխի հատիկի և խմորի մասին՝ ցույց տալու, որ հեթանոսներն առաքյալների քարոզությամբ պետք է հավատային, ինչպես որ նախկինում ևս այդ մասին ասել էր (տե՛ս Լ. հարցում):
Հիսուսի քարոզության ժամանակ մի մարդ,նրան հարց ուղղելով, ասում է. «Հավանաբար փրկվածները սակավաթիվ են». որովհետև նախկինում Հիսուսից լսել էին, թե մարմնավոր զվարճությունների հետամուտ եղող մարդկանց համար արքայությունը ժառանգելն անհնարին է և թե, ընդհակառակը, պետք է նեղություն կրել և չարչարանքներ տանել ու համբերել: Այս անգամ նորից հաստատում է, և հանուն Աստծու սիրո մարդու կրած նեղությունը նեղ դռան նմանեցնելով՝ պատվիրում է. «Ջանացե՛ք այդ նեղ դռնով մտնել, քանի որ տանտիրոջ ներս մտնելուց և դուռը փակելուց հետո եթե դուռը բախելով ասելու էլ լինեք՝ «Տե՛ր, դուռը բա՛ց մեզ համար», նա պիտի պատասխանի, թե ձեզ չեմ ճանաչում, ինձնից հեռո՛ւ մնացեք դուք՝ բոլոր անիրավ մարդիկդ»:
Թող ուրեմն երկնչեն այն մարդիկ, որոնք իրենց ձեռքում պատեհություն ունեն հոգևոր փրկության համար զղջմամբ և ապաշխարությամբ կանոնավորելու իրենց կյանքը, սակայն օրեցօր հետաձգում են այդ կենսական ու անհրաժեշտ գործը, որովհետև առաքինություն գործելու կարող եղած ժամանակ անհոգ և անտարբեր գտնվելով՝ պատեհությունը ձեռքից բաց թողնելուց հետո, եթե կամք էլ ունենան, անզոր պիտի լինեն իրենց կամեցողության մեջ:
Արդ, նրանք, ովքեր ցանկանում են արքայության անվախճան փառքի ու երանության արժանանալ, պետք է շտապեն ժամ առաջ առաքինություն գործելու, առանց ծուլության և նեղ դռնով մտնելու նման՝ պատահած նեղություններին հոժարակամ և սիրով համբերեն, քանի որ դուռը փակվելուց հետո իրենց ուրիշ բան չի մնա անելու, եթե ոչ դրսում ատամ կրճտացնել և լալ հավիտյան, ինչպես որ Հիսուսը հայտնեց, թե առաքյալների քարոզությամբ աշխարհի չորս կողմերից հավատքի եկողները արքայության մեջ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և բոլոր մարգարեների հետ պետք է բազմեն, իսկ հրեաները, դրսում մնալով, հավիտյան պիտի լան սգով ու տրտմությամբ:
Երբ Հիսուսը Գալիլեա գավառում ժողովրդին այսպես ապաշխարության էր հորդորում, նրանք, ում սիրտը մաքուր էր, շատ մեծ ուրախություն հայտնեցին, իսկ փարիսեցիներից ոմանք չախորժելով ասում են, թե Հերովդեսն ուզում է քեզ սպանել, հեռացի՛ր այստեղից: Այդ նախանձ ու չար մարդկանց նենգությո՛ւնը տես, որովհետև Հերովդեսը Հիսուսին ոչ թե սպանել, այլ տեսնել էր փափագում (ինչպես ԼԲ. հարցում հիշվեց): Ուրեմն հայտնի է, որ այդ փարիսեցիները, իրենց նախանձը թաքցնելու համար կեղծավորությամբ Հերովդեսին պատճառ բռնելով, Հիսուսի սիրտը մահվան երկյուղն են ուզում գցել, որպեսզի վախենալով՝ այդ կողմերից շտապ հեռանա:
Սակայն Հիսուսը մահից երբեք չէր վախենում, այլ հայտնում է, թե քանի որ Գալիլեայում է, պետք է հրաշագործի ըստ իր գերագույն կամքի: Ավելին, ինչպես որ Երուսաղեմի բնակիչները մարգարեներին էին սպանում, այնպես էլ խաչը ելնելով հարություն առնելուց հետո ինքը Երուսաղեմը պիտի ավերի, որովհետև թեև քանիցս կամեցավ նրա որդիներին իր պաշտպանության տակ առնել և ցրվածներին հավաքել, ինչպես հավն իր ձագերին է թևի տակ առնում, բայց նրանք չկամենալով մերժեցին:
Դրանից բացի՝ որովհետև ծաղկազարդի օրերին Ձիթենյաց լեռից մեծ փառքով Երուսաղեմ էր գալու, Հիսուսը հայտնեց, որ այդ օրը իր հակառակորդներն էլ, այսինքն՝ փարիսեցիները, պետք է այնտեղ գտնվեն, և որ ինքը ժողովրդից պիտի փառավորվի:
Հիսուսի մարդասիրությա՛նը նայիր, որովհետև ինչ որ հետո պիտի տեղի ունենար, դեռ չպատահած՝ նախապես է հայտնում, որպեսզի երբ իրականացումը տեսնեն, իմանալով ուղղվեն: Բայց նրանք դարձյալ չհամոզվեցին: Ուշադրությո՛ւն դարձրու, ինչպես որ փարիսեցիներն էին ուզում, որ Հիսուսը Գալիլեայից հեռանա, այնպես էլ նրա ազգականներից ոմանք, մինչև այդ ժամանակ հավատացած չլինելով Հիսուսին, ասում են, թե՝ «Հրեաստա՛ն գնա, եթե այսքան հրաշք ես գործում, անձդ հայտնի՛ր աշխարհին»:
Հիրավի, Հիսուսի գործած հրաշքները բոլորին հայտնի էին, բայց որովհետև այն ժամանակ Տաղավարահարաց տոնը մոտ էր, և այդ պատճառով Երուսաղեմում ժողովրդի ահագին բազմություն էր հավաքվել, ուստի այդ ասելով՝ կամենում էին, որ գնա և բոլորի ներկայությամբ հրաշագործելով՝ ինքն իրեն հայտնի ամենքին: Բայց Հիսուսը տոնի առաջին օրը նրանց հետ չի գնում, այլ հետո՝ չորրորդ օրը, գաղտնի է գնում:
Արդ, տոնի առաջին օրերին ժողովուրդը փնտրում է նրան՝ ասելով. «Որտե՞ղ է նա»: Քանի որ պարզասիրտ մարդիկ արդեն շատ էին ուզում տեսնել նրան, բայց նախանձողներ էլ կային, այդ պատճառով նրանց միջև հակառակություն է ծագում: Ավելին, ժողովրդի մեծամեծներից երկնչելով՝ ոչ ոք նրա մասին չէր կարող համարձակ խոսել: Երբ որ Հիսուսը չորրորդ օրը տաճարում սկսեց քարոզել ժողովրդին, նրա վարդապետությանը նայելով՝ զարմանում էին, թե որտեղի՛ց գիտի Գրքի իմաստները, որովհետև հաստատ գիտեին, որ նա ոչ ոքից չի սովորել:
Եթե նույնիսկ հրեաների խոստովանությամբ Հիսուսի վարդապետությունը մարդկային զորությամբ չէր, ուրեմն պարտավոր էին ճանաչել, որ Աստծուց էր և ոչ թե նախանձից նրա դեմ խոսեին և խորհեին: Քանի որ նրանց միտքը հայտնի էր Հիսուսին, ինքն իսկ հայտնեց, որ իր վարդապետությունն աստվածային է, որպեսզի հասկանալով ուղղվեն, բայց նրանք ուղղվելու փոխարեն է՛լ ավելի չարացան իրենց համառ տգիտության մեջ:
Մի փարիսեցի շաբաթ օրով Հիսուսին և ուրիշներին ևս ճաշի հրավիրեց իր տուն, բայց ոչ թե նրան պատվելու, այլ մեղադրելու պատրվակ կամ առիթ գտնելու դիտավորությամբ: Այնտեղ ջրգողությամբ տառապող մի մարդ կար, որին հավանաբար հենց իրենք էլ բերել էին տվել, որպեսզի եթե Հիսուսը նրան բժշկելու լինի, ամբաստանեն իբրև օրինազանցի, քանի որ ուրիշ պատրվակ չէին կարող գտնել նրա դեմ: Հիսուսը, իմանալով նրանց մտադրությունը, հարցնում է օրենքի ուսուցիչներին, թե արդյոք ընդունելի՞ է շաբաթ օրով հիվանդ մարդ բժշկելը: Նրանք լռում են, որովհետև եթե ասեն, որ պատշաճ է, իրենց մտադրությունը կձախողվի, իսկ եթե ասեն, որ չի կարելի, խոսքը հաստատել չկարողանալով՝ խայտառակ կլինեն: Այդ պատճառով թեև նրանք լռեցին, բայց Հիսուսը, իսկույն նրա ձեռքը բռնելով, բժշկեց նրան ու ասաց. «Եթե ձեզնից մեկի էշը կամ եզը հորի մեջ ընկնի, մի՞թե իսկույն չի հանի նրան»:
Լա՛վ հիշիր, նրանք, ովքեր այնտեղ հավաքված էին Հիսուսի դեմ մի պատճառ որոնելու նպատկով, նրա խոսքը լսելով՝ անկարող են լինում պատասխան տալ: Արդարև, Հիսուսի այդ խոսքերը թեև հանդիմանություն էին նրանց համար, բայց որովհետև նրանք ևս վարակված էին փառասիրական ախտով և ջանում էին խնջույքներում գլխավոր տեղերը զբաղեցնել, նրանց այսպիսի հպարտ ընթացքին նայելով՝ դարձյալ ասում է նրանց. «Երբ որևէ մեկը հարսանիքի կամ ճաշկերույթի հրավիրի քեզ, բազմոցի վերին կողմում մի՛ նստիր, որովհետև կարող է քեզնից ավելի պատվավոր անձինք հրավիրված լինեն այնտեղ, և քեզ ասեն՝ տե՛ղ տուր սրանց: Այն ժամանալ դու ամոթով ստիպված կլինես հետին տեղում նստել: Դու ներքևի կողմո՛ւմ նստիր, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա և պատվավոր տեղում նստելու հրավիրի քեզ, դու փառավորվես, որովհետև ով ինքն իրեն բարձրացնի, կցածրանա, իսկ ով ինքն իրեն ցածրացնի, կբարձրանա»:
Այս կապակցությամբ թող խրատ առնեն նրանք, ովքեր իրենք իրենց բարձրագույն պատվի արժանի համարելով՝ սկսում են հպարտանալ, քանի որ հպարտության վախճանը անարգանքն է: Այդպես էլ խնջույքի տիրոջն ասում է. «Երբ ճաշկերույթ տաս, բարեկամներիդ, եղբայրներիդ, ազգականներիդ ու հարևաններիդ և մեծամեծների մի՛ հրավիրիր, միգուցե նրանք ևս, քեզ կանչելով, փոխարենը հատուցեն, այլ կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, որոնք քեզ հատուցելու անկարող կլինեն. երկնում կհատուցվի քեզ արածիդ փոխարեն»:
Սեղանակիցներից մեկը, այս խոսքերը լսելով, երանի է տալիս այն մարդուն, որն Աստծու արքայության մեջ կճաշի: Այն ժամանակ Հիսուսն առակով հայտնում է, թե Աստված բոլոր մարդկանց է ճաշի հրավիրում, սակայն մարմնավոր ցանկությունների սիրահար անձինք չեն կամենում գնալ, այլ աղքատ ու անճար անձինք են գնում, այսինքն՝ այնպիսիք, որոնք այս անցավոր աշխարհի ունեցվածքի, զվարճության ու մեծության նկատմամբ հակում չունեն:
Ահա առակը. մի մարդ խնջույք կազմակերպեց և շատ մարդկանց հրավիրեց, բայց նրանք սկսեցին հրաժարվել: Մեկը՝ «Ագարակ գնեցի և պետք է գնամ այն տեսնելու», մի ուրիշը՝ «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է դրանց փորձեմ ասելով»՝ ներողություն խնդրեցին: Եվ երբ երրորդը առարկեց, թե՝ «Կին առա, այդ պատճառով չեմ կարող գալ», հրավիրողը բարկանալով հրամայում է իր ծառային, որ անմիջապես գնա և հրապարակներում ու փողոցներում եղած աղքատներին ու խեղանդամներին, կաղերին ու կույրերին բերի: Նա էլ հրամանը կատարելուց հետո հայտնում է, թե դեռ տեղ կա, ուստի նորից հրաման է ստանում գնալ փողոցները և ում գտնի, բերի, մինչև որ տունը լցվի:
Այս պարագայում երևում է, թե զգայական բաղձանքներին անձնատուր եղող մարդու համար որքան դժվար է Աստծու արքայությունը մտնել, որովհետև թեև ագարակ ու եզներ գնող անձինք չեկան, բայց գոնե թախանձագին ներողություն խնդրեցին, իսկ ամուսնացողը քաղաքավարությանը հակառակ՝ պատասխանում է, թե չեմ կարող գալ: Հիսուսն այս առակը պատմելուց հետո վճռում է, որ այդ հրավիրյալներից ոչ ոք իր ճաշից չպետք է ուտի: Թող ուրեմն վախենան նրանք, ովքեր մարմնավոր իրերի պատճառով հոգևոր ճանապարհից հետ են մնում, քանի որ վճռվեց, որ այդպիսիք պիտի զրկվեն արքայության փառքից: