Հրեաները քանի՞ քահանայապետ ունեին ըստ մովսիսական օրենքի:

Օրենքի համաձայն՝ մեկ, սակայն Բաբելոնի գերությունից ազատվելով և Երուսաղեմ գալուց հետո որոշ չար մարդիկ, որոնք փառասիրական տենչով էին համակված, հեթանոսներին կաշառք տալով՝ սկսեցին միմյանց ձեռքից քահանայապետությունը բռնությամբ կորզել  (ինչպես որ Մակաբայեցիների գրքում ենք կարդում): Այս չար սովորությունը այն աստիճանի հասավ, որ մարմնավոր իշխանության ձեռքով տարին մեկ քահանայապետ էին կարգում, և քանի որ  պաշտոնանկ եղողներն էլ կենդանի էին, սուրբ Ավետարանը նրանց բազմությունն է ակնարկում:

Երբեմն էլ երկու քահանայապետներ միաբանվելով՝ միասին էին իշխում, ինչպես որ երբ Հովհաննես Մկրտիչն իր քարոզությունն սկսեց, Աննա և Կայիափա քահանայապետները համատեղ քահանայություն էին անում (Ղուկ. 3:2): Եվ որովհետև երկու քահանայապետների միատեղ քահանայությունը շատ անպատշաճ էր, ուստի միմյանց հետ համաձայնության են գալիս իրար փոխարինելով մեկական տարի իշխելու: Եվ այն տարին, երբ Հիսուսը խաչվեց, հերթը Կայիափայինն էր, որովհետև այնուհետև նորից Աննայի քահանայապետությունն է հիշատակված (Գործք 4:5):

Արդ, քանի որ Աննա քահանայապետը ժողովրդի կողմից ավելի հարգված էր,   այդ պատճառով երբ Հիսուսին բռնեցին, նախ և առաջ նրա մոտ տարան: Որովհետև սա ոխերիմ թշնամի էր Հիսուսին, նրան կապված տեսնելով՝ չափազանց ուրախանալուց բացի նաև բանտարկել է տալիս: Նրա հրամանով Հիսուսին կապում են մի ձիթենու, որ մինչև հիմա հայոց Սուրբ Հրեշտակապետաց վանքում է, այնպես որ այսօր արաբներն այդ վանքը Դեր էլ զեյթունի են անվանում, որովհետև Աննայի տունն այնտեղ էր:

Ապա Աննան Հիսուսին ուղարկեց Կայիափայի մոտ, որի տունն էլ դարձյալ հայոց Սուրբ Փրկիչ  վանքի տեղում էր: Հիսուսը բանտարկվեց այս տեղում ևս, որ Հապս իլ Մեսիհ է կոչվում: Կայիափան, որ բոլորից շատ էր թշնամացած Հիսուսին, նույնպես շատ ուրախացավ՝ Հիսուսին տեսնելով կապված վիճակում, և իր առջև բերել տալով՝ նրա աշակերտների ու քարոզած ուսուցումների մասին հարցեր է ուղղում, որպեսզի կարողանա նրա բերանից մի խոսք կորզել և մահվան դատապարտել:

Հիսուսը պատասխանում է քահանայապետին. «Ես ծածուկ ոչինչ չխոսեցի, այլ միշտ և ամեն օր տաճարում և ժողովրդի առջև: Ինչո՞ւ ես ինձ հարցնում, նրա՛նց հարցրու, ովքեր լսեցին և գիտեն, թե ի՛նչ եմ ասել»: Թեպետ քահանայապետը Հիսուսի խոսքին պատասխան չկարողացավ տալ, բայց նրա ծառաներից մեկը, որ այնտեղ էր, ապտակեց նրան՝ ասելով. «Այսպե՞ս ես պատասխանում քահանայապետին»: Հիսուսը պատասխանում է. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր չարի մասին, իսկ եթե բարի խոսեցի, ուրեմն ինչո՞ւ ես հարվածում»:

Այս պարագայում Կայիափայի թշնամությունը կրկին բացահայտվեց, որովհետև մինչև օրենքի համաձայն հանցավորության վճիռ արձակելը հիշյալ ծառայի այդպիսի հանդգնությունը թեև իր համար մի մեծ անարգանք էր, բայց նա ոչ միայն չպատժեց նրան, այլև մինչև իսկ հանդիմանության մի բառ անգամ չարտասանեց: Սակայն զարմանալի չէ, քանի որ նա ուրիշ բան չէր մտածում, բացի Հիսուսին դատապարտելուց և պատժելուց: Այս պատճառով հանձն առավ այդպիսի ստորությունը հանդուրժել:

Հիսուսին սպանելու նպատակով Կայիափայի տանն արդեն հավաքված էին բազում քահանայապետներ, ծերեր և օրենսգետներ: Բայց նրա վրա հանցանք գտնել չկարողանալով՝ սկսում են սուտ վկաներ որոնել, որպեսզի մահապատժի վճիռ արձակեն: Սակայն իրենց ցանկությանը համապատասխան վկաներ չեն գտնվում: Այո՛, բազում չարամիտ անձինք սուտ վկայություններ տվեցին, բայց քանի որ նրանց ասածները միմյանց հակասում էին, պարզապես անկարող էին ասածները հաստատել:

Այնուհետև երկու ուրիշ անիրավ անձինք ևս, առաջ գալով, այսպես են վկայում. «Մենք լսեցինք, որ այս մարդը ասում էր, թե այս ձեռակերտ տաճարը քանդելով՝ անձեռակերտ մի  ուրիշը կկառուցի»: Բայց սրանց տված վկայությունն էլ սուտ էր, որովհետև Հիսուսը ոչ թե ձեռակերտ տաճարի մասին էր ասել, այլ իր մարմնի մասին: Բացի սրանից, նա չէր ասել՝ «Ես կքանդեմ», այլ՝ «Դո՛ւք քանդեք» (տե՛ս ԺԶ. հարցը): Սակայն այս վկայությամբ ևս չկարողացան մահապատժի դատապարտել նրան: Այդ պատճառով բոլորի սրտերը վերին աստիճանի անձկությամբ ու դառնությամբ լցված՝ մտատանջությամբ խորհում էին, թե ինչպե՛ս կարող են մահապատժի դատապարտել նրան: Հատկապես որ այդքան սուտ վկաների ասածներին Հիսուսը բնավ չպատասխանեց, Կայիափան բոլորից ավելի նեղսրտեց ու ոտքի կանգնելով՝ ստիպված հարցրեց Հիսուսին. «Ինչո՞ւ չես պատասխանում»:

Այս հարցի նպատակն էր Հիսուսին խոսեցնելով՝ բերանից մի պատասխան ստանալ, որով կարողանան նրան մահվան դատապարտել: Երբ հիշյալն այդ միտքը հայտնեց, և Հիսուսը նորից չպատասխանեց, այս անգամ քահանայապետը մի ուրիշ հնարքի  դիմեց և վերստին հարցրեց. «Աստծու անունով եմ երդվեցնում քեզ. եթե դու ես Մեսիան, ասա՛ մեզ»: Անշուշտ, այդ հարցը խարդախ մտքով տվեց, քանի որ եթե Մեսիա լինելը խոստովաներ, պետք է ասեր, թե հայհոյեց, իսկ եթե չխոստովաներ, նախկինում դա բազմիցս ասած լինելու համար ժողովրդին վկա բերելով՝ պիտի ասեր, թե հայհոյություն է  և բոլորի ներկայությամբ նրան մահապարտ հռչակեր: Ահա այս պատճառով երդվել տվեց նրան, որ ասի: Հիսուսը պատասխանում է. «Դո՛ւ ասացիր»: Եվ այս կերպ իր Մեսիա լինելն ընդունելով՝ հայտնում է նաև, որ հարության ժամանակ ինքը մեծ փառքով պետք է գա աշխարհը դատելու:

Լա՛վ հիշիր. երբ որ այս մասին տաճարում հարցրին (հիշատակվել է ԽԱ. հարցում), իր Մեսիա լինելը բացահայտ չասաց, որովհետև խաչվելու ժամանակը դեռ չէր եկել: Քանի որ այս անգամ ժամանակը հասել էր, պարզորոշ հայտնեց, որպեսզի չասեն, թե՝ «Չիմանալով խաչեցինք»: Այդ պատասխանը մեծ ողորմություն էր նրանց համար, սակայն նրանք, Սուրբ Գրքին ուշադրություն չդարձնելով, չկարողացան ճանաչել նրան (այս մասին տես նաև ԼԴ. հարցը):

Հենց որ Հիսուսի բերանից այս պատասխանն առավ, անխիղճ Կայիափան, հագուստը պատառոտելով, ասում է. «Էլ ի՞նչ հարկավոր է մեզ ուրիշ վկա: Ահա նրա հայհոյությունը դուք ամենքդ լսեցիք: Դուք ինչպե՞ս կընդունեք»: Նրանք միաբերան պատասխանում են, թե մահապարտ է: Մինչ տան վերևի հարկում այս անիրավ գործողությունն էր տեղի ունենում, նույն միջոցին Պետրոսը ներքևում երեք անգամ ուրացավ, որ Հիսուսի աշակերտն է:

Ճշմարիտ է, որ երբ Հիսուսին բռնեցին, առաքյալներից յուրաքանչյուրն այս ու այն  կողմ փախավ, բայց հետո Պետրոսը և Հովհաննեսը սրտապնդվելով նրա հետևից են գնում: Պետրոսը հեռվից է գնում, իսկ Հովհաննեսը Հիսուսի հետ Կայիափայի տուն է մտնում, քանի որ ծանոթ էր քահանայապետին: Պետրոսը, չհամարձակվելով ներս մտնել, դրսում է մնում: Երբ Հովհաննեսը ներսում չի տեսնում նրան, դուրս գալով խոսում է դռնապանի հետ ու նրան ներս տանում, ապա ինքը վերևի հարկ է բարձրանում, որտեղ Հիսուսն էր, իսկ Պետրոսը մնում է ներքևում՝ տան բակում:

Այնտեղ կրակ էին վառել, որովհետև օդը սառն էր, և մինչ Պետրոսը, կրակին մոտենալով, տաքանում էր, հիշյալ դռնապանը, որ Կայիափայի աղախինն էր, հարցնում է Պետրոսին. «Դո՞ւ էլ այդ մարդու աշակերտներից ես»: Նա թեև ուրանում է՝ ասելով՝ չեմ, բայց դռնապանուհին այնտեղ ներկա գտնվող անձանց ասում է. «Սա էլ նրա հետ միասին էր»: Պետրոսը կրկին ուրանում է՝ ասելով. «Ա՛յ կին, չեմ ճանաչում նրան»:

Այնտեղ ներկա գտնվողները մի փոքր անց Պետրոսին ասում են. «Արդարև դու էլ նրանցից ես, քանի որ քո խոսքից երևում է, որ գալիլեացի ես»: Երբ նրանք այս ասացին, քահանայապետի ծառաներից մեկը, որն ազգականն էր այն Մաղքոսի, որի ականջը կտրել էր Պետրոսը, ասում է. «Չէ՞ որ քեզ էլ պարտեզում նրա հետ տեսա»: Այս հարցի վրա հենց որ Պետրոսը նզովքով ու երդմամբ երրորդ անգամ ուրանում է, աքաղաղը կանչում է:

          Այդ նույն ժամանակ Հիսուսին տան վերին հարկից արդեն իջեցրել էին, և նա շրջվում ու Պետրոսին է նայում, որպեսզի զղջա: Սա, հիշելով Հիսուսի այն խոսքը, թե աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս ինձ, այն աստիճան սրտի ցավով է զղջում, որ աչքերը արյուն-արցունքով  լցված՝ դուրս է գնում ու սկսում դառնորեն լալ:

Պետրոսի վիճակից խրա՛տ առ. առաքինությանդ վրա հույս դնելով՝ ինքդ քեզ մի՛ վստահիր, որպեսզի չսխալվես: Արդարև, Պետրոսը բոլորից ավելի ջերմ սիրով էր սիրում իր վարդապետին, բայց ինքն իրեն վստահելու պատճառով սխալվեց:

Ահա տե՛ս հրեաների անգթությունը.  երբ Հիսուսին ցած իջեցրին, այնտեղ մինչև առավոտ զանազան չարչարանքներով սկսեցին տանջել նրան. ոմանք ապտակում էին նրան, ոմանք բռունցքի հարվածներ էին իջեցնում նրա գլխին, ուրիշները թքում էին երեսին, շատերն էլ, նրա գլուխը ծածկելով՝ հայհոյանքներով հարցնում էին. «Մարգարեացա՞ր, ո՛վ Մեսիա, թե քեզ զարկողն ո՛վ է»: Բայց Հիսուսը երբեք պատասխան չէր տալիս, որովհետև նախապես շատ անգամ էր ասել, որ այդպիսի չարչարանք պետք է կրի: Թեև հրեաներն իրենց չարության և ապերախտության պատճառով այդպես տանջեցին նրան, բայց այս մասին Սուրբ Գրքում գրվածն էլ կատարվեց, ինչպես որ Եսայի մարգարեն մեկ առ մեկ նկարագրում է Հիսուսի կրելիք չարչարանքները (Ես. 53:1):

Երբ լույսը բացվեց, ժողովրդի ծերերը, քահանայապետներն ու օրենսգետները, վաղ առավոտյան ատյան կազմելով, իրենց մոտ են բերել տալիս Հիսուսին, որովհետև Կայիափայի տանը նրա վրա ուրիշ հանցանք չգտնելով՝ դատապարտել էին միայն «Մեսիան ես եմ» ասելու համար, ուստի այս ատյանում ևս, դրա վրա հիմնվելով, ասում են. «Եթե դու ես Քրիստոսը (Մեսիան), ասա՛ մեզ»: Եվ այս հարցն ուղղում են ոչ թե նրա համար, որ իմանալով կամ համոզվելով հավատան, այլ միայն նրան սպանելու նպատակով:

Հիսուսը, նրանց միտքն իմանալով, ասում է. «Եթե ասեմ, չեք հավատա, իսկ եթե ձեզ մի բան հարցնեմ, և դուք ստիպված լինեք հավատալ, այն ժամանակ չեք պատասխանի և ինձ չեք արձակի: Սակայն իմացե՛ք, որ ժամանակ կգա, երբ Մարդու Որդին կնստի ամենազոր Աստծու աջ կողմում»: Այս խոսքով Հիսուսը հայտնեց, որ ինքն է Քրիստոսը և Աստծու Որդին: Այդ պատճառով ամենքը միաբերան ասում են նրան. «Ուրեմն դու ես Աստծու Որդին»: Նա պատասխանում է. «Դուք ասացիք, որ ես եմ»:

Նրա այս պատասխանի վրա բոլորը միաբերան ասում են. «Մեզ էլ ի՞նչ վկայություն է պետք, մենք հենց նրա բերանից լսեցինք», և որոշում են սպանել Հիսուսին: Բայց որովհետև մարդ սպանելու արտոնություն չունեին, վերստին  զգուշորեն կապելով նրան՝ տանում են Պիղատոսի մոտ, որ հռոմեացիների կայսեր կողմից Երուսաղեմ քաղաքում դատավոր էր: Հաջորդ օրն սկսվում էր Պասեքի տոնը, այդ պատճառով իրենք անձամբ չեն մտնում հեթանոս դատավորի պալատը՝ օրենքին հակառակ չգործելու համար, այլ դռնապանների միջոցով են ներս ուղարկում Հիսուսին, որպեսզի օրենքի համաձայն կարողանան գառն ուտել:

Պիղատոսը, ի պատիվ նրանց դուրս ելնելով, հարցնում է. «Այդ մարդու մասին ձեր բողոքն ի՞նչ է»: Քահանայապետները պատասխանում են. «Եթե նա չարագործ մեկը չլիներ, քեզ մոտ չէինք բերի նրան, քանի որ մոլորեցնում է մեր ազգը, արգելում է թագավորին տուրք տալ և իր մասին ասում է, թե Քրիստոսն է թագավոր»:

Անիրավների խաբեությա՛նը նայիր. իրենք Հիսուսի վրա ուրիշ հանցանք չգտնելով՝ միայն Աստծու Որդի եմ ասելու համար իբրև հայհոյիչի՝ մահվան դատապարտեցին նրան: Սակայն լավ գիտեին, որ Պիղատոսը, հեթանոս լինելով, դրան ուշադրություն չէր դարձնի, այդ պատճառով սուտ են խոսում՝ ասելով, թե արգելում է հարկ տալ և իրեն թագավորի տեղ է դնում: Այո՛, սուտ են խոսում, որպեսզի դատավորին դրդեն մեղադրելու Հիսուսին: Սակայն նա, հասկանալով նրանց խորամանկ սուտը, ասում է. «Դուք առե՛ք և ձեր օրենքի համաձայն դատե՛ք նրան»:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․