Պատասխան – Քրիստոս ընդունելով դևերի աղաչանքը՝ մեզ երկու բան հասկացրեց. նախ՝ որ առանց Իր թույլտվության, դևերն ամենևին իշխանություն չունեն որևէ մեկին տանջել կամ փոքր-ինչ վնաս հասցնել: Թո՛ղ լավ իմանան կախարդներին հետևողները և չխոսեն պառավների բերանով, թե չարը չարից կփրկվի:
Երկրորդ՝ Քրիստոս չընդունեց դևերի աղաչանքը: Վերջիններս գիտեին, որ Հիսուս Քրիստոս՝ մարդացյալ Աստված, երբ աշխարհի կատարածին դատավորի աթոռին նստի՝ դատելու արդարներին և մեղավորներին, այն ժամանակ աշխարհի վրա կամ օդում եղած դևերը պիտի ուղարկվեն դժոխային հավիտենական տանջանքի: Սակայն երբ լինելը չիմանալով՝ կարծեցին, թե հենց տվյալ պահին պիտի ուղարկի: Դևերի կարծիքի այսպիսին լինելը հայտնի է դառնում իրենց խոսքից, որ ամենքը միանգամից ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Որդի՛ Աստծո, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար» (Մատթ. 8:29): Այսինքն՝ անժամանակ եկար մեզ դժոխք ուղարկելու: Ուստի աղաչեցին, որպեսզի չուղարկի նրանց աշխարհից: Այլապես Քրիստոս մտադիր չէր ընդունել նրանց աղաչանքը:
Երրորդ՝ ասացիր, թե խոզերի տիրոջ հանցանքը ո՞րն էր: Գերգեսացիների երկիրը պատկանում էր եբրայեցիների ազգին, սակայն այնտեղ հեթանոսներ ևս բնակվում էին: Հայտնի չէ՝ խոզերի տերերը եբրայեցինե՞ր էին, թե՝ հեթանոսներ: Եթե եբրայեցի էին, հայտնի է, որ Հին Օրենքով արգելված էր եբրայեցիներին խոզ ուտել, քանզի պիղծ կենդանի է: Հետևաբար՝ մեղքերի պատճառ և օրինազանցության ինչք լինելու համար Աստված խեղդել տվեց այս կենդանիները, որպեսզի տերերը զգաստանան և ճանաչեն Հիսուսի՝ Օրենսդիր ու Տեր լինելը: Շատ է պատահում, որ մեր հոգու կորստյան պատճառ հանդիսացող ստացվածքը կամ իշխանությունը Աստված վերցնում է մեր ձեռքից, որպեսզի զգաստանանք:
Եթե հեթանոս էին խոզերի տերերը, Աստված կամեցավ, որ այս երևելի արարքով, այսինքն երկու հազար խոզերի հետ պատահածով, հեթանոսները Քրիստոսի ամենակարող զորությունն իմանան, ընդունեն Տեր և արարածների Ստեղծող լինելը, քանզի ավետարանիչն ասում է, թե այս դեպքից հետո «խոզարածները փախան և քաղաք ու ագարակ գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև՝ դիվահարների դեպքը և ընդառաջ ելան՝ տեսնելու, թե ինչ է գործել»: Ահա սրանք են երկու հարցիդ պատասխանները: