Հարց 42 – Երբ Սուրբ Հոգին իջավ Քրիստոսի վրա, ինչո՞ւ աղավնակերպ երևաց:

Պատասխան – Նախ՝ Քրիստոս աշխարհ եկավ հեզ աղավնու նման, որ մարդկանց մեղքերին թողություն պարգևի: Սակայն դատաստանի օրը հրի նման պիտի գա՝ պատժելու ամբարիշտ ու չար մարդկանց: Ուստի Սուրբ Հոգին, Քրիստոսի աղավնակերպ բարքը ցույց տալով, աղավնու նման իջավ: Այսպես է վկայում նաև Կոռնելիոսը, որ ուսանել է Ոսկեբերանից:

Երկրորդ՝ ըստ բնագետների, աղավնին ունի յոթ հատկություն, որոնք ցույց են տալիս Քրիստոսի մեջ առկա Սուրբ Հոգու յոթ պարգևները: Նախ՝ աղավնին ջրի մոտ է նստում, հետևում բազեի կամ այլ գիշատիչ թռչունների շուքին և տեսնելով՝ փախչում նրանցից: Այս հատկությամբ տեղեկանում ենք Քրիստոսի ունեցած իմաստության պարգևի մասին: Երկրորդ՝ աղավնին ուտում է ընտիր ընդեղենը, իսկ վատը՝ թափում: Այս հատկությամբ ճանաչում ենք Քրիստոսի գիտության պարգևը: Երրորդ՝ աղավնին ուրիշների ձագերին էլ է սնում: Այս հատկությամբ ենք իմանում Քրիստոսի խորհրդի պարգևը: Չորրորդ՝ աղավնին դժվարությամբ չի սնուցում ձագերին: Այս հատկությամբ իմանում ենք Քրիստոսի հանճարի պարգևը: Հինգերորդ՝ աղավնին սրտի վրա լեղի չունի: Այս հատկությամբ ենք իմանում Քրիստոսի աստվածապաշտության պարգևը: Վեցերորդ՝ աղավնին իր բույնն ապառաժ քարերի մեջ է դնում: Այս հատկությամբ իմանում ենք Քրիստոսի զորության պարգևը: Յոթերորդ՝ աղավնին, երգի փոխարեն, ցավի ձայն է հանում: Այս հատկությամբ իմանում ենք Քրիստոսի երկյուղի պարգևը: Ահա այս պատճառներով Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Իր Էակցի վրա:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․