Մեծահարուստի մասին

Մի մեծահարուստ մեծ ու ընդարձակ տուն ուներ` կից մի շինական աղքատի տան: Մի օր սա անկողնում պառկած` վշտանում էր և ննջել չէր կարողանում` խորամանկությամբ կարողությունն ավելացնելու և ագահությանը հագուրդ տալու պատճառով: Եվ լսում էր, թե ինչպես էր աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում, տեսնում էր, թե ինչպես էր գիշերվա մնացած մասն անուշ քնով անցկացնում, իսկ առավոտյան կնոջ օգնությամբ հազիվ զարթնում, որ վեր կենար և գործի գնար: Մեծահարուստը, նախանձելով աղքատին ուրախ ապրելու համար, որոշեց նրան իր տրտմությանն ու տառապանքներին հաղորդակից դարձնել: Գիշերը վեր կենալով և աղքատի տան դուռը բացելով` դռնից դրամով լի քսակ կախեց: Առավոտյան աղքատն այն գտնելով, չկամեցավ սովորական ձևով դրամ վաստակելու գնալ, վախենալով, թե միգուցե մեկը գողանար այդ դրամը կամ իմանար դրամը գտնելու մասին:

Այնուհետև դրամով լի քսակը պահեց խոտի տակ, որտեղ ննջում էր, և պատճառաբանելով, թե հիվանդ էր, պառկեց քսակի վրա, մինչև որ դրամի ինչ անելը որոշեր:

Եվ մինչ բազում օրեր այսպիսի վշտի մեջ էր, չէր ուրախանում և դադարել էր երգելուց, գիշերը նրա տուն եկավ մեծահարուստը և նրանից հարցրեց: Կինը պատասխանեց.

-Հիվանդացել է:

-Ես իսկույն նրան կբժշկեմ,- ասաց մեծահարուստը:

Եվ գալով նրա մոտ` ծածուկ նրան ասաց.

-Վերադարձրո՛ւ իմ դրամը, որ վերցրել ես այսինչ տեղից, ապա թե ոչ քեզ կախել կտամ:

Աղքատն էլ վախենալով վերադարձրեց դրամը և նախկին ուրախությունը ձեռք բերեց:

 

Հայելի վարուց

13.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․