3 Դեկտեմբեր, Գշ
Պատասխան – Մարդը կյանքից հեռանում է չորս տեսակի մահով. բնական, պատահական, անձնիշխանական և նախախնամական:
Բնական մահը ծերության մահն է, երբ թուլանում է զգայարանների զորությունը, չորս տարրերի բաղադրությունը՝ զատվում, իսկ հոգին բաժանվում է մարմնից. ինչպես Աբրահամի, Իսահակի, Հակոբի և այլոց մահը, որոնց մասին Սուրբ Գիրքն ասում է. «Ալևոր և լեցուն օրերով մեռան և միացան իրենց հորը»:
Պատահական մահը փորձանքով է վրա հասնում՝ գազաններից, գետերից, քարերից և այլնից, որոնք Աստծո թողտվությամբ են մարդուն պատահում:
Անձնիշխանական մահը երկու կերպ ունի՝ բարի և չար: Բարին մարտիրոսաց մահն է, երբ անձնիշխանական կամքով իրենց պատարագում են Աստծո սիրո համար: Նրանք թեպետ մարմնով մեռնում, սակայն հոգով կենդանանում են: Չար մահը նման է Աքիտոփելի և Հուդայի մահվանը: Ովքեր իրենց սպանում են, մեռնում են հոգով ու մարմնով և համարվում են անձնասպան ու Աստծուն հակառակ:
Նախախնամական մահը շատ պատճառներով է լինում: Աստված անզեղջ մեղավորին մահ է տալիս, որպեսզի մեղքը չշատանա: Կամ որպես մեղքերի պատիժ՝ անժամանակ մահ է տալիս նման մարդուն: Եվ կամ երբ մեկն արդար է, բայց ճգնությամբ նեղության մեջ է գցում իր անձը, Աստված այդպիսի մարդուն մահ է տալիս, որպեսզի հանգստանա, քանզի նրա համար մահը հանգիստ է: Կամ եթե Աստված պատժելու լինի մի երկրի, նախ արդարին է մահվամբ վերցնում, որ մեղավորների հետ չպատժվի կամ նրանց համար աղաչանք չանի: Մահ է տալիս մանուկներին, որ չմեծանան և մեղքով շաղախվեն, այլ անմեղ մահանան, և իրենց ծնողների չարություններին անհաղորդ մնան, և կամ ծնողները նրանց մահվան կսկիծով խրատվեն:
Թողնենք այլակերպ պատճառները, որոնք միայն Աստծուն են հայտնի: Մենք այսքանը գիտենք, որ Աստծո խնամքը բարի է և բարիք է անում, չարը չի կամենում: Թեպետ մեզ չար է թվում թե՛արդարների և թե՛ մեղավորների մահը, որովհետև անզգամներին թվում է, որ արդարը մեռավ, բայց արդարների հոգին խաղաղության մեջ է՝ ըստ Սողոմոնի: Երբ մեռնում է մեղավորը, դադարում է մեղք գործելուց, ինչը ևս բարի է: