6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Հրեշտակը իմացական մի գոյացություն է՝ մշտաշարժ, անձնիշխան կամքով, անմարմին, Աստծո սպասավոր, անմահություն ընդունած ըստ շնորհի, այլ՝ ոչ թե ըստ բնության:
Արդ՝ իմացական գոյացություն ասվեց, որպեսզի տարբերվի բանական հոգուց, քանզի բանական հոգին պատճառից է ճանաչում պատճառ հանդիսացողին, իսկ իմացականը, այսինքն՝ հրեշտակը, պատճառը և պատճառ հանդիսացողին ճանաչում է հավասարապես:
Մշտաշարժ ասվեց՝ սիրո շարժման համար, քանի որ ստեղծված բոլոր արարածներից միայն հրեշտակներն են էությամբ ավելի մոտ բարի Աստծուն և միշտ սիրո շարժմամբ սպասավոր են Նրա հրամանին:
Կամքով անձնիշխան ասվեց, որովհետև հրեշտակի անձնիշխանությունը մարդու անձնիշխանության պես չէ՝ երբեմն դեպի բարին, երբեմն դեպի չարը: Այլ այն այսպես պետք է հասկանալ. եթե մի անգամ բարի հրեշտակն անձնիշխանությամբ բարին ընտրեց, նույն ընտրության վրա է մնում միշտ և չի փոփոխվում դեպի չարը: Նույնպես և չար հրեշտակներն են:
Անմարմին ասվեց, քանզի պարզ էություն է՝ ինքն իր մեջ կայացած, և ոչ թե, բանական հոգու պես, մարմնի վիճակված:
Աստծո սպասավոր ասվեց, քանզի յուրաքանչյուր դաս միշտ աստվածային հրամանների կամակատար պաշտոնյա է:
Անմահությունն ընդունել է ըստ շնորհի և ոչ ըստ բնության. թեպետ անմահ է հրեշտակային բնությունը, սակայն այդ անմահությունը բնությունից չունի, ինչպես կրակը բնականաբար ջերմ է, այլ Աստծո շնորհից: Եթե չլիներ նույն շնորհի զորությունը, բոլոր հրեշտակները կոչնչանային: