12 Հոկտեմբեր, Շբ
Մարդու մարմնի մահը բնական է, քանզի մարմինը իրար հակառակ չորս տարրերից է բաղկացած: Բայց հոգին մասերից բաղկացած չլինելով` պարզ գոյացություն է, հետևաբար անկարելի է, որ մարդկային հոգին մահանա, և [այն] ընդունակ է և [նրան] հարմար է Աստծո շնորհներով առաքինություն գործելով հավիտենական կյանքին հասնել (Հռոմ Զ 23), բայց նա, ով մահացու մեղք է գործում, պարգևված շնորհը կորցնում է և առանց շնորհի արքայություն մտնելու հարմարություն [արժանիք] չմնալով՝ հոգով որպես հավիտենական մահացած է համարվում:
Որովհետև, օրինակ՝ մարդու աչքը առանց լույսի չի կարող տեսնել, նույնպես հոգին առանց շնորհի չի կարող հավիտենական կյանքին արժանանալ, սակայն հոգին բնությամբ անմահ լինելով՝ մեղքի պատճառով հավիտենական դատապարտության է արժանանում, և ահա այսպիսի պատժի համար ասվում է «մահով մահանալ»:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902