Աստված պատժելով Ադամին, Եվային և օձին, ի՞նչու չարիքի հեղինակ սատանային որևէ բան չասաց:

Պատժի նպատակը պատժվողից վերցնելն է այն լավը, որ ունի, նրան զրկելը այն լավագույն բանից, որի վրա է դրել հույսը, կամ էլ նրա անձին տանջանք տալն է: Բայց սատանան Աստծո ներկայությունից հենց սկզբից հեռացած, այնքան զարգացավ չարության մեջ, որ նրա գոյությունից բացի նրանից ետ վերցնելու այլ բան չմնաց, և հուսալու ոչ մի բարի բան կամ լավության նշույլ չկար, որից զրկվեր: Նմանապես արդեն իսկ հանգստություն չունի, որ նրան տանջանք տրվի, քանզի Աստծո արդար դատաստանով միշտ տանջանքի մեջ է:

Մանավանդ Աստծո շնորհը կորցնելով, հուսահատության մատնվելը պատիժներից ամենասոսկալին է. արդ, սատանան բոլորովին հուսահատ, միայն իր թշվառ գոյությունն է պահում, և առանց շնորհի գոյությունն էլ նույնպես մեծ պատիժ է նրա համար, քանի որ հավիտենապես տանջվում է: Այս աշխարհում մարդուն տրված պատիժը դեղի նման է, և դեղը հիվանդին առողջանալու համար է տրվում, ինչքան էլ որ մարդը մեղանչելով հիվանդացավ, առողջանալու հույսը չկորցրեց, դրա համար տրվեց պատժի դեղը, որպեսզի բժշկվի, բայց սատանան, մեռած մարդու նման դեղ ընդունելու անկարող լինելով, Աստված նրա մասին ոչինչ չասաց: Եվ դարձյալ, հրեշտակների դասերից սատանայի վռնդվելը «գլխիվայր անկում» բացատրությամբ մեզ հայտնում է Քրիստոսը (Ղուկ Ժ 18), և այսպիսի անկումը սատանայի մեղքի աններելի լինելու նշանն ու պատկերն է, բայց Ադամը դրախտից արտաքսվելով հանդերձ, Աստված նրան դարձյալ Դրախտի դիմաց մի վայրում բնակեցրեց, որպեսզի իր մեղքի ներումն ստանալու հույս ունենա (Ծննդ Գ 24):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․