12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Նախ պետք էր, Դավթի ասածի պես, լուռ մնալ մեղավորների հետ հակառակության ժամանակ, ըստ այնմ. «Բերանիս փականք դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ» (Սաղմ. 38:2):
Երկրորդ՝ Ինքն ասել էր, որ պետք չէ մարգարիտը խոզերի առջև գցել. ըստ այնմ՝ «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք» (Մատթ. 7:6):
Երրորդ՝ Քրիստոս գառան նման կանգնել էր խուզողների առջև այնպես, ինչպես վկայում է Եսային. «Ինչպես գառ անմռունչ կանգնած է խուզողի առաջ, և նրա նման իր բերանը չի բացում» (Եսայի 53:7):
Չորրորդ՝ Դիոնիսիոսի ասածի պես՝ աստվածային խորհուրդների ներքին իմաստը պետք է ծածկել անհավատներից, որ չծաղրեն, իսկ տկարամիտ եղողներից նրա համար, որ կասկածի պատճառ չհանդիսանա: Հետևաբար, Քրիստոս չկամեցավ անհավատ Պիղատոսի և հիմարության գինով հարբած քահանայապետերի առջև Իր աստվածության գաղտնի զորությունը և խորհուրդը բացահայտել, որպեսզի չծաղրեն կամ չգայթակղվեն:
Հինգերորդ՝ մարգարեի բերանով ասված էր. «Ես դարձա ինչպես մարդ, որ չի լսում, և որի բերանում խոսք չկա» (Սաղմ. 37:15):
Վեցերորդ՝ Հովսեփիոսն այսպես է ասում. «Իզուր է օգտակար բաների մասին ճառելը, երբ բոլոր լսողները փոխհամաձայնությամբ միաբանված են դեպի վատթարը» (Բ ԴՊ, գլ. ԺԹ): Ահա քահանայապետերը, դպիրները և փարիսեցիները հավաքվել էին՝ Քրիստոսի մասին վատ խորհուրդ կայացնելու, որ էր Նրան սպանելը: Այդ իսկ պատճառով Քրիստոս կամեցավ լռել:
Յոթերորդ՝ եթե Քրիստոս նրանց պատասխաներ, մեկ խոսքով կարող էր Իրեն արդարացնել և կազատվեր մահվանից: Բայց մեր փրկության գործն անկատար կմնար, իսկ Հայր Աստծո նախախնամությունը Միածին Որդու մահվան մասին ընդունայն կլիներ: