22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մարդիկ ինչպե՞ս ցրվեցին աշխարհի չորս կողմերը

Սեմի, Քամի և Հաբեթի սերունդը, օր օրի բազմանալով, բոլորի բնակվելը իրենց գտնված վայրում անհնարին դարձավ, ուստի անհրաժեշտությունից դրդված, յուրաքանչյուր ցեղի մարդիկ տարբեր կողմեր ցրվեցին գնացին՝ բարեկեցություն գտնելու համար: Քանի որ այն ժամանակի մարդկությունը մեծամասամբ հողագործ էր, ուստի ընդարձակ դաշտերի և լեռնահովիտների կարիք ուներ: Ուստի հարմար տեղ գտնելու նպատակով մի բավականին մեծ ամբոխ, մասնավորապես անիրավ մարդկանց դասակարգից բաղկացած, Բաղդադի դաշտը հասնելով՝ միմյանց հետ խորհրդակցեցին, որ առանց իրարից բաժանվելու, աշտարականման մի քաղաք կառուցեն, որի գագաթը մինչև երկինք հասնի և այդ աշտարակը իբրև հիշատակ թողնելով՝ անուն և համբավ ստանան, և իրենց այս ամբարտավան խորհուրդը իրականացնելու համար իսկույն եռանդով շինարարությանը ձեռնամուխ եղան:

Քանի որ սույն գործը սկսելու գլխավոր շարժառիթը իրենց նույն լեզվով խոսելու կարողությունն էր, Աստված նրանց հասկանալի բառերի իմաստը խառնեց, որպեսզի միմյանց լեզու չհասկանալով՝ սկսած շինարարությունը թողնեն (Ծննդ. ԺԱ 7): Քանի որ այդ մարդկանց հիշյալ ընթացքը միայն իրենց հպարտության արդյունքն էր, ուստի հակառակ էր Աստծո հրամանին և մտադրությանը: Եվ երբ յուրաքանչյուրը իրեն հանձնարարված գործով զբաղված աշխատւմ էր շինարարության վրա, ահա սաստիկ փոթորիկ և քամի փչեց և իսկույն յուրաքանչյուրը տարօրինակ վիճակի մեջ հայտնվեց. այլևս իրար խոսք չկարողանալով հասկանալ, յուրաքանչյուր ցեղ առանձին լեզվով սկսեց խոսել, և այսպես իրենց միությունը խախտվելով՝ շինարարության գործն էլ կիսատ մնաց: Ահա այդ ժամանակ, յուրաքանչյուր ցեղ, իր մարդկանցով իր ցանկացած կողմերը գնալով, առանձին-առանձին ազգեր կազմեցին, որոնց լեզուները, ինչպես արդեն հայտնի է, իրարից տարբերվում էին:

Նկատիր, որ դեռևս ջրհեղեղը չմոռացած՝ մարդիկ նորից Աստծուն բարկացնելուն հետամուտ եղան, սակայն մի զարմացիր, քանի որ աշտարակը կառուցողների պարագլուխը Քամի թոռ Նեբրովթն էր: Նա սաստիկ հպարտ և իր զորության վրա վստահ պատերազմող մի անձնավորություն լինելով, շատերին բռնությամբ իրեն հպատակեցնելուց հետո, առաջին անգամ [որպես այդպիսին] Բաղդադում սկսեց թագավորել (Ծննդ. Ժ 10), քանզի մինչ այդ թագավորություն չկար:

Բացի այդ, բանակ կազմելով իրար կոտորելը Նեբրովթից սկսեց, որը նաև Բել է անվանվում: Սույն բռնակալը ինչպես որ մարդկանց հետ պատերազմ էր ծավալում, նույնպես էլ Աստծո դեմ կռապաշտություն է հնարում, քանի որ ասվում է, թե իր պատկերը բոլորին պաշտել տալով՝ կռապաշտության պատճառն ու հիմնադիրը եղավ: Եվ նրա պատկերը եղող կուռքը, որը Աստվածաշնչում Բահաղ անունով է հիշվում, ամբողջ Արաբիայում և արևմուտքում (կամ հարավ) հռչակավոր լինելով, Եղիա մարգարեն նախանձախնդրությամբ դրա քուրմերին կոտորեց (Գ Թագ. ԺԸ 40):

Թող հպարտ և Աստծո հրամանին հակառակ գործող անզգամները խրատվեն: Արդարև կարողություն ունեցող մարդիկ պարտավոր են երկրի վրա հիշատակ թողնել, սակայն պայմանով, որ դրանից ուրիշներին օգուտ լինի, և ոչ թե իրենց անվան փառքի համար հպարտությամբ մեղանչեն, ինչպես որ հիշյալ աշտարակը կառուցողները արեցին: Նաև կարծիք կա, որ աշտարակ ցանկացան կառուցել, որպեսզի մյուս անգամ ջրհեղեղ լինելու ժամանակ դրա մեջ պատսպարվեն: Սակայն այս միտքը շատ անարդար և ապօրեն է, քանի որ երբ Աստված ցանկանա պատժել, մի՞թե մարդիկ կարող են ազատվել: Թող որ մարդը թռչունի նման երկինք թռչի, թող մրջյունի նման երկրի խորքերը մտնի, թող ձկան նման ծովի հատակը իջնի, դարձյալ Արարչի ձեռքից չի կարող ազատվել: Եթե ցանկանում ես պատժից զերծ ու ազատ լինել, հրամանին կամ օրենքին հակառակ մի՛ գործիր: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․