30 Նոյեմբեր, Շբ
1 Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2 այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը: 3 Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա Էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը: Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ նստեց Աստծոյ մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում: 4 Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց: 5 Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ»: Եւ դարձեալ. «Ես նրան Հայր կլինեմ, իսկ նա ինձ Որդի կլինի»: 6 Եւ դարձեալ, երբ Անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»: 7 Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին՝ կրակի բոց»: 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան: 9 Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրինութիւնը. դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով աւելի, քան քո ընկերներին»: 10 Նաեւ. «Դու, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքերի գործն են երկինքները: 11 Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես: Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու. 12 պիտի ոլորես դրանք հագուստի պէս. եւ նրանք պիտի ոլորուեն: Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու»: