30 Նոյեմբեր, Շբ
5.17 Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ՝ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. 18 քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր», եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»: 19 Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր՝ բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի: 20 Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան: 21 Պարտաւորեցնում եմ քեզ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով: 22 Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր: 23 Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով: 24 Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում: 25 Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող:
6.1 Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծոյ անունն ու վարդապետութիւնը չանարգուի: 2 Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը: Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր: 3 Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, 4 այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ 5 մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը: Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ: