30 Նոյեմբեր, Շբ
1.12 Նրանցից մէկը՝ իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»: 13 Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագո՛յնս կշտամբիր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ 14 եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին: 15 Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ: Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են: 16 Խոստովանում են, թէ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք:
2.1 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2 որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ: 3 Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, 4 որ խրատեն դեռատի կանանց սիրել իրենց մարդկանց, լինել որդեսէր, 5 խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծոյ խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի: 6 Երիտասարդներին նո՛յնպէս յորդորիր լինել խոհեմ, 7 քո անձը բոլորին օրինա՛կ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, 8 ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ: 9 Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց՝ ոչ հակառակուող, 10 ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծոյ վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն: