30 Նոյեմբեր, Շբ
1 Փո՛ղ զարկեցէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լեռան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, 2 քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կտարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ: 3 Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ՝ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից: 4 Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշաւեն որպէս հեծեալներ. 5 որպէս կառքերի դղրդիւն կասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք: 6 Նրանց առաջ ազգեր կխորտակուեն, եւ բոլոր դէմքերը կդառնան ինչպէս սեւացած պտուկ: 7 Նրանք կյարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կգնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից, 8 Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կգնան եւ իրենց նետերի վրայ կընկնեն եւ չեն մեռնի: 9 Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրայ, կմագլցեն տները եւ գողերի նման ներս կմտնեն պատուհաններից: 10 Նրանց առաջ երկիրը կխռովուի, երկինքը կցնցուի, արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: 11 Եւ Տէրն իր ձայնը կբարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան: