30 Նոյեմբեր, Շբ
8.5 թէպէտ եւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր: 6 Բայց մեզ համար միայն մէկ Աստուած կայ՝ Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէկ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով: 7 Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ: Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են: 8 Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ: 9 Բայց զգո՛յշ եղէք. գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար: 10 Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատուած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու: 11 Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կմատնուի քո գիտութեան պատճառով: 12 Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք: 13 Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեմ:
9.1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր: 2 Թէպէտ եւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր: 3 Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է. 4 մի՞թէ իշխանութիւն չունենք ուտելու եւ խմելու: 5 Մի՞թէ իշխանութիւն չունենք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են: 6 Միայն ես եւ Բառնաբա՞սն ենք պարտաւոր մեր ապրուստի համար աշխատել: 7 Ո՞վ երբեւէ զինուորութիւն կանի իր ծախսով: Ո՞վ այգի կտնկի եւ նրա պտղից չի ուտի: Ո՞վ հօտ կարածեցնի եւ հօտի կաթից չի խմի: 8 Մի՞թէ մարդկայնօրէն եմ ասում այս բանը. կամ թէ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում: 9 Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապե՛ս»: Մի՞թէ միայն եզների համար էր հոգ անում Աստուած: 10 Չէ՞ որ մեզ համար է ասում, քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով: 11 Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք: 12 Եթէ ուրիշները ձեզ վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք: Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրեցինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի աւետարանին որեւէ արգելք չլինի: 13 Չգիտէ՞ք, որ նրանք, ովքեր տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են: Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են: 14 Նոյնպէս եւ Տէրը աւետարանը քարոզողներին հրամայեց, որ աւետարանից էլ ապրեն: 15 Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրեցի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի: Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. 16 որովհետեւ եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած ինձ վրայ: Բայց վայ է ինձ, եթէ չաւետարանեմ: 17 Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած: 18 Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. 19 թէպէտ եւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրեցի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին: 20 Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին: 21 Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները՝ ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են: Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ՝ ոչ թէ նրա համար, որ Աստծոյ օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողների: 22 Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին: Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց: 23 Այս բոլորն անում եմ աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան: