30 Նոյեմբեր, Շբ
1 Տիրոջ ձեռքը յանգեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: 2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: 3 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: 4 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ եմ բերելու, 6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը”»: 7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: 8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: 9 Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կկենդանանան“»: 10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: 11 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են: Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»: 12 Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը: 13 Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: 14 Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: Ասացի ու կատարելու եմ»,– ասում է Տէր Աստուած: