30 Նոյեմբեր, Շբ
1 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս: Երանի՜ չլինէր ձեզնից եկած մխիթարանքը: 3 Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կխօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար: 4 Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես: 5 Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր: 6 Հէնց որ յիշում եմ, տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս: 7 Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ: 8 Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ: 9 Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն-ինչ երկիւղ: Տիրոջից տանջանք չի հասնում նրանց: 10 Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. 11 հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ: Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ 12 ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից: 13 Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են: 14 Եւ Տիրոջը կասեն. “Հեռո՛ւ ինձնից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա: 15 Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք”: 16 Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր: 17 Սակայն կմարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կհասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կբռնի նրանց: 18 Ու կլինեն յարդ հողմի բերանին կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող: 19 Իր ունեցուածքը վերջ կտայ մի օր իր որդիներին. կհատուցի եւ ճանաչել կտայ Տէրը հէնց իրեն: 20 Նրա աչքերը կտեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա: 21 Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կկտրուեն: 22 Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին: 23 Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կմեռնի սաստիկ անզգամ լինելու համար: 24 Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը: 25 Դառնութիւնը հոգու կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից: 26 Կննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնը համակ: 27 Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս: 28 Հիմա դուք կասէք, “Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա”: 29 Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տուէք: 30 Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման: 31 Ո՞վ է պատմելու նրա առաջին իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան: 32 Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին: 33 Նրա յետեւից կերթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր: 34 Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզնից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»: