30 Նոյեմբեր, Շբ
2.42 Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ: 43 Ամէն մարդու վրայ ընկել էր ահ ու երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարւում: 44 Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, ընդհանուր էր. 45 նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին, ում ինչ որ պէտք լինէր: 46 Ամէն օր միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում: 47 Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում: Եւ Տէրն օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր:
3.1 Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար: 2 Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչւում էր Գեղեցիկ, որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի: 3 Սա, տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ: 4 Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ ու ասաց. «Նայի՛ր մեզ»: 5 Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ: 6 Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»: 7 Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: 8 Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր ու վազվզում եւ օրհնում Աստծուն: 9 Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս: 10 Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին: 11 Եւ մինչ նա Պետրոսին ու Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ: 12 Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք նրան: 13 Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը՝ մեր հայրերի Աստուածը, փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ սա որոշել էր նրան ազատ արձակել: 14 Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. 15 եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք: 16 Յիսուսի անուան զօրութիւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց: Եւ Յիսուսի միջոցով եղած հաւատն է, որ սրան տուեց այս առողջութիւնը ձեր բոլորի ներկայութեամբ: 17 Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, 18 բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց: 19 Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, 20 որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, 21 որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ ամենայնի հաստատման ժամանակները՝ այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով: