30 Նոյեմբեր, Շբ
3.13 Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա բարի ընթացքով ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը: 14 Իսկ եթէ ձեր սրտերում դառը նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը: 15 Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16 որովհետեւ ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան: 17 Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: 18 Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում:
4.1 Այդ որտեղի՞ց են պատերազմներ, եւ որտեղի՞ց՝ կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից են, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ: 2 Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում: 3 Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին: 4 Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծոյ դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: 5 Կամ թէ առ ոչի՞նչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստուած նախանձախնդրութեամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մէջ»: 6 Եւ այդ՝ նրա համար, որ էլ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. «Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»: