30 Նոյեմբեր, Շբ
6.8 Ստեփանոսը՝ շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում: 9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան: 10 Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա: 11 Այն ժամանակ յորդորեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք նրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծոյ դէմ»: 12 Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան: 13 Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14 լսեցինք նրա բերանից, որ ասում էր, թէ՝ “Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց”»: 15 Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման է:
7.1 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: 2 Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3 “Դո՛ւրս ել քո երկրից ու քո տոհմից եւ արի այն երկիրը, որ քեզ ցոյց կտամ”: 4 Այն ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդէացիների երկրից, բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք: 5 Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր: 6 Աստուած այսպէս խօսեց. “Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն: 7 Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ,– ասում է Աստուած,– եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում”: 8 Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին: 9 Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10 ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիների եւ նրա ամբողջ տան վրայ: 11 Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, ու մեր հայրերը ուտելիք չէին գտնում: 12 Եւ Յակոբը, լսելով, որ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13 իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը: 14 Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը, եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգու: 15 Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքն ու մեր հայրերը: 16 Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից Սիւքէմում: 17 Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18 մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին: 19 Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: 20 Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որը Աստծոյ առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21 եւ երբ նրան ընկեցիկ արեցին, փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր: 22 Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով ու գործերով: 23 Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը: 24 Եւ նա, մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով, զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով: 25 Մտածում էր, թէ իր եղբայրները կիմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան: 26 Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում”: 27 Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեզ վրայ. 28 մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն”: 29 Եւ այս խօսքերի վրայ Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները: