30 Նոյեմբեր, Շբ
13 Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին: 14 Իբրեւ հնազանդ որդիներ՝ մի՛ կերպարանուէք նախկին՝ ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւններով. 15 այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. 16 քանի որ գրուած է. «Սո՛ւրբ եղէք, որովհետեւ սուրբ եմ ես»: 17 Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ: 18 Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, 19 այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է ինչպէս մի գառ. 20 նա, որ նախասահմանուած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար. ձեզ, 21 որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տուեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը լինեն Աստծոյ վրայ: 22 Արդ, մաքրեցէ՛ք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ, մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց: 23 Վերածնուեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ անապականից՝ Աստծոյ կենդանի եւ մշտնջենական խօսքով. 24 քանզի «ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ՝ թափւում, 25 բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»: Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ: