30 Նոյեմբեր, Շբ
2.23 Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 24 Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»: 25 Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին. 26 թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծոյ տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»: 27 Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդու համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար. 28 ապա ուրեմն, մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:
3.1 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: 2 Եւ ուշադրութեամբ դիտում էին նրան՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կբժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: 3 Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: 4 Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: 5 Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ: