30 Նոյեմբեր, Շբ
1 Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում: 2 Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»: 3 Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. 4 թէ ինչպէս նա մտաւ Աստծոյ տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»: 5 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբաթ օրուայ տէրն է»: 6 Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր: 7 Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կբժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն: 8 Եւ նա գիտէր նրանց մտածումները: Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Նա վեր կացաւ կանգնեց: 9 Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրն ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ անել, թէ՞ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»: 10 Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքն առողջացաւ միւսի նման: 11 Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ինչ անեն Յիսուսին: