30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա: 2 Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք եւ գնացինք: 3 Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու: 4 Եւ գտնելով աշակերտներին՝ եօթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ: 5 Եւ երբ մենք այդ օրերն անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը՝ կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին ծնկի գալով աղօթեցինք: 6 Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը: 7 Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբարներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք: 8 Յաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթ սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ: 9 Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին: 10 Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ: 11 Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»: 12 Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ: 13 Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»: 14 Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»: