Կողոսացիներ 1.24-2.7

1.24 Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. 25 դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծոյ տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծոյ խօսքը՝ 26 այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. 27 Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ի՜նչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ: 28 Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, 29 որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ:

2.1 Ուզում եմ, որ դուք գիտենաք, թէ ինչպիսի նեղութիւն եմ կրում ձեզ համար եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որոնք իմ երեսը չեն տեսել անձնապէս, 2 որպէսզի մխիթարուեն նրանց սրտերը, մէկտեղուեն սիրով եւ հասնեն կատարեալ իմաստութեան ճոխութեանը ճանաչելու համար Աստծոյ խորհուրդը, որ յայտնուած է ի Քրիստոս Յիսուս, 3 որի մէջ պահուած են գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերը: 4 Եւ այս բանն ասում եմ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի պատիր խօսքերով. 5 որովհետեւ թէպէտ եւ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր բարի վարքը եւ ձեր հաւատի ամրութիւնը ի Քրիստոս Յիսուս: 6 Արդ, ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով՝ 7 արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․