22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը: