Ծննդոց 1.1-3.24

1.1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: 2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ: 3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: 4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: 5 Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին: 6 Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: 7 Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից: 8 Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ: 9 Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: 10 Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է: 11 Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս. 12 հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է: 13 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ: 14 Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15 թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: 16 Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: 17 Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18 ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: 19 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ: 20 Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: 21 Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: 22 Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: 23 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ: 24 Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: 25 Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են: 26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 29 Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30 իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: 31 Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

2.1 Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք: 2 Աստուած վեցերորդ1 օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ: 3 Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել: 4 Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, 5 երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, 6 բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը: 7 Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ: 8 Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: 9 Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը եւ բարու ու չարի գիտութեան ծառը տնկեց դրախտի մէջտեղում: 10 Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի: 11 Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ: 12 Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը: 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը: 14 Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է: 15 Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն: 16 Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, 17 բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»: 18 Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: 19 Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը: 20 Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական: 21 Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: 22 Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ: 23 Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»: 24 Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին: 25 Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:

3.1 Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ2 էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: 2 Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: 3 Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. “Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք”»: 4 Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5 որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»: 6 Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար3: Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան: 7 Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին: 8 Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: 9 Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: 10 Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»: 11 Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: 12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: 13 Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»:14 Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: 15 Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի4 քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: 16 Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»: 17 Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: 18 Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: 19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: 20 Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը: 21 Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց:22 Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»: 23 Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: 24 Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․