28 Նոյեմբեր, Եշ
1 Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը: 2 Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ կեղտոտ զգեստներով, 3 եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ՝ պատուոյ տեղը», իսկ աղքատին թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ», 4 այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի: 5 Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին: 6 Իսկ դուք անարգում էք աղքատներին: Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս: 7 Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք: 8 Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում: 9 Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ: 10 Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրէնքին. 11 որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կլինես օրէնքի առաջ: 12 Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, 13 քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց: