Ա Պետրոս 1.1-12

1 Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, 2 ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծոյ կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեզ վրայ: 3 Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4 ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, 5 ձեզ, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում: 6 Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ, դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7 որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8 որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9 ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը: 10 Այդ փրկութեան համար է, որ փնտրեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ: 11 Քննում էին, թէ որ եւ ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին: 12 Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․