3 Դեկտեմբեր, Գշ
1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2 «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. “Հրաւիրուածներին ասացէ՛ք. ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի”: 5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն՝ իր ագարակը, մէկն՝ իր առեւտրին. 6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7 Իսկ թագաւորը, երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8 Ապա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին: 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ, ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի”: 10 Եւ ծառաները, ճանապարհների վրայ ելնելով, հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12 “Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար”: Եւ նա պապանձուեց: 13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. “Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան արտաքին խաւարը. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում”. 14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»: