28 Նոյեմբեր, Եշ
18 Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրն առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 20 Արդ, մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21 եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդն առաւ նոյն կնոջը: 22 Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամէնքից յետոյ մեռաւ նաեւ կինը: 23 Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: 24 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծոյ զօրութիւնը. 25 որովհետեւ երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կառնեն, եւ ո՛չ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են: 26 Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, թէ ինչպէս Աստուած մորենու մօտ ասաց նրան. “Ես եմ,– ասում է,– Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”: 27 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի դուք խիստ մոլորուած էք»: 28 Օրէնսգէտներից մէկը մօտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, որ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: 29 Եւ Յիսուս ասաց նրան. «Ամէնից առաջինն է. “Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30 եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ”. սա է առաջին պատուիրանը: 31 Եւ երկրորդը նման է սրան. “Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս”. չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: 32 Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստուած չկայ. 33 եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: 34 Եւ Յիսուս, տեսնելով, որ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծոյ արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել: