28 Նոյեմբեր, Եշ
14 Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ: Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»: 15 Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»: Յովասն առել էր աղեղն ու նետերը, 16 եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը: Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին 17 եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»: Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր՝ արձակի՛ր: Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը: Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»: 18 Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»: Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»: Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել: 19 Աստծոյ մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինէիր: Արդ, միայն երեք անգամ կհարուածես ասորիներին»: 20 Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին: Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ: 21 Այդ ժամանակ մի մարդու էին թաղում: Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը: Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ: