28 Նոյեմբեր, Եշ
3.16 Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»: 17 Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց: 18 Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19 պիտի քանդի նրանց հիւսերը, վերացնի նրանց ծամակալները, 20 նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քողազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21 նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22 եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23 բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքողը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները: 24 Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես: 25 Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն: 26 Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, պիտի մատնուեն սգի, իսկ դու պիտի մնաս մէն-մենակ ու տապալուես գետնին:
4.1 Այն օրը եօթ կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կուտենք եւ մեր զգեստը կհագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»: