28 Նոյեմբեր, Եշ
23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան մարդու Որդու գալը: 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: 26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: