28 Նոյեմբեր, Եշ
1 Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն: 2 Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից: 3 Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4 եւ ասա՛ նրան. “Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ: Արամի որդին եւ Ռոմելայի որդին 5 քո դէմ չար խորհուրդ խորհեցին: Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին. 6 "Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն": 7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու. 8 քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը: Եւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի: 9 Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ”»: