28 Նոյեմբեր, Եշ
9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10 մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ: 12 Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: 14 Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: 15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին՝ ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրաւութեան վարձը սիրեց: 16 Եւ այդ՝ այն Բաղաամի, որն իր անօրինութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը, մարդկային լեզուով խօսելով, արգելք եղաւ մարգարէին՝ կատարելու այդ անօրինութիւնը: 17 Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրանց համար են պահուած. 18 քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից: 19 Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20 որովհետեւ եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն-մնան, նրանց վախճանը կլինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21 քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնաւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց: 22 Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին դառնում է իր փսխածին», եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին թաւալւում է տիղմի մէջ»: