Եփեսացիներ 5.15-33

15 Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ՝ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. 16 ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են. 17 դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ինչ է Տիրոջ կամքը: 18 Եւ մի՛ հարբէք գինով. դրա մէջ զեխութիւն կայ. այլ մանաւանդ լցուեցէք Հոգո՛վ, 19 որպէսզի խօսէք միմեանց հետ սաղմոսներով, օրհներգութիւններով եւ հոգեւոր երգերով, որպէսզի երգէք եւ ձեր սրտերում սաղմոս ասէք Տիրոջը: 20 Գոհութի՛ւն յայտնեցէք ամէն ժամ ամէն ինչի համար Հօրը եւ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով: 21 Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով: 22 Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կհնազանդուեն Տիրոջը, 23 որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի: 24 Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում: 25 Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, 26 որ սրբացնի աւազանի մաքրութեամբ՝ խօսքով, 27 որպէսզի նա իր առաջ փառաւոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ անարատ: 28 Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. 29 որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին. 30 քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից: 31 «Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»: 32 Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ: 33 Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․