15.33 Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից:
16.1 Ինչ որ մարդ դրել է սրտում, վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը: 2 Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները: 3 Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: 4 Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան: 5 Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու: Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը: 6 Ով փնտրում է Տիրոջը, նա գիտութիւն կգտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղութիւն կգտնեն: 7 Աստծոյ բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար: