1 Ահա թէ ինչու մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ, 2 որովհետեւ եթէ այն խօսքը, որ հրեշտակների միջոցով ասուեց, հաստատուն մնաց, եւ ամէն յանցանք ու անհնազանդութիւն արդար պատիժ ստացան, 3 մենք ինչպէ՞ս պիտի ազատուենք, եթէ անհոգ գտնուենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատուեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն. 4 Աստուած էլ այն վկայեց նշաններով, զօրաւոր գործերով, ամէն տեսակ զօրութիւններով եւ Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրուեցին իր կամքի համաձայն: 5 Քանզի հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խօսում ենք: 6 Մէկը վկայում է մի տեղ եւ ասում է. «Մարդն ի՞նչ է, որ յիշես նրան, կամ մարդու որդին ի՞նչ է, որ հոգածութիւն ցոյց տաս նրա հանդէպ: 7 Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր. փառքով եւ պատուով պսակեցիր նրան եւ քո ձեռքի գործերի վրայ կարգեցիր նրան. 8 ամէն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերի ներքոյ»: Արդ, ամէն ինչ հնազանդեցնելով, նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամէն ինչ նրան հնազանդուած չենք տեսնում: 9 Բայց տեսնում ենք փառքով եւ պատուով պսակուած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասուել մահուան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծոյ շնորհով բոլորի համար մահը ճաշակի. 10 որովհետեւ վայել էր, որ Աստուած (նրա համար եւ նրանով է ամէն բան) կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը: