1.1 Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց. 2 «Ելիր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»: 3 Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս: Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու: 4 Տէրը հողմ բարձրացրեց ծովում: Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր: 5 Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում: 6 Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»: 7 Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»: Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին: 8 Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ինչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»: 9 Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որը ստեղծեց ծովն ու ցամաքը»: 10 Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց): 11 Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ): 12 Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կխաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ իմ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»: 13 Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ: 14 Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դու, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար»: 15 Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին: Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից: 16 Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան:
2.1 Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին: Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր: 2 Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. 3 «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից: Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը: 4 Ինձ գցեցիր ծովի խորքերը, եւ ջրի հոսանքները պաշարեցին ինձ: 5 Քո կոհակներն ու ալիքները թափուեցին ինձ վրայ, եւ ես մտածեցի, թէ մերժուել եմ քո ներկայութիւնից. արդեօք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը: 6 Ջրերը թափուեցին ինձ վրայ շունչս կտրելու աստիճան: Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ: 7 Գլուխս մտաւ լեռների փապարների մէջ, իջայ մի երկիր, որի նիգերը փակ են յաւիտեան: Ես կփրկուեմ ապականութիւնից: 8 Երբ հոգիս տկարացաւ, քեզ դիմեցի, Տէ՛ր իմ Աստուած. մտաբերեցի Տիրոջը, եւ թող իմ աղօթքները հասնեն քո սուրբ տաճարը: 9 Նրանք, որ ունայն ու սուտ աստուածներ էին պաշտում, թողեցին իրենց երկիւղածութիւնը: 10 Իսկ ես օրհնութեան եւ խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կարժանանամ Տիրոջ փրկութեան»: 11 Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց:
3.1 Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց. 2 «Ելիր գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տուեցի քեզ»: 3 Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան: Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ: 4 Յովնանը սկսեց մուտք գործել քաղաք: Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի»: 5 Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծոյ պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան: 6 Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին: Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ: 7 Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հօտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն: 8 Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրինութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին. 9 «Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»: 10 Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թէ կանի նրանց. եւ չարեց:
4.1 Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ: 2 Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի: Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար: 3 Արդ, Տէ՛ր, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, որովհետեւ ինձ համար աւելի լաւ է մեռնել, քան կենդանի լինել»: 4 Եւ Տէրն ասաց Յովնանին. «Իսկապէս շա՞տ ես տխրել»: 5 Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թէ ինչ պիտի պատահի քաղաքին: 6 Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից: Յովնանը չափից շատ ուրախացաւ դդմենու համար: 7 Եւ յաջորդ օրը վաղ առաւօտեան Աստուած հրամայեց որդին, որը կերաւ դդմենին, եւ այն չորացաւ: 8 Իսկ երբ արեւը ծագեց, Աստուած հրամայեց տապախառն խորշակ քամուն, եւ արեւն ընկաւ Յովնանի գլխին: Սա տանջւում, սրտնեղում էր եւ ասում. «Ինձ համար աւելի լաւ է մահը, քան իմ այս կեանքը»: 9 Եւ Աստուած ասաց Յովնանին. «Իսկապէ՞ս խիստ ես տխրել դդմենու համար»: Յովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»: 10 Տէրն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ: 11 Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքը, որտեղ ապրում է աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ՝ շատ կենդանիներ»: