Գրքեր

Ա Թագավորներ 1:23-2:26

23Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»։ Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը։ 24Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը։ Մանուկն իրենց հետ էր։ 25Նրանք նրան ընծայեցին Տիրոջը։ Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար։ 26Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար։ 27Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։ 28Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ 29Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։ 
2 Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։ 2Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, 3եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը։ 4Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։ 5Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։6Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։ 7Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ 8Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ 9Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր հակառակորդներին։ Տէրը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ։ Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում։ 10Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»։11Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը։Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում։ 12Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը։ 13Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային։ 14Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը։ 15Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»։ 16Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»։ 17Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»։ Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։ 18Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում։ 19Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու։ 20Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»։ Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը։ 21Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ։Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ։ 22Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ։ 23Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։ 24Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում։ 25Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»։ Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց։ 26Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․