Գրքեր

Առակներ 3:11-4:14

11Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,12քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։ 13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։ 18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ 21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։27Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ 28Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 29Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ։ 30Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։ 31Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, 32քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ։33Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են։ 34Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։ 
4 Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, 2քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, 3որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։ 4Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում,պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, 5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։ 6Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ 7, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։ 8Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։ 9Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը։ 10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․