Գրքեր

Հոբ 19:1-29

Յոբը խօսեց ու ասաց. 2«Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը։ 3Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց։ Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում։ 4Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն։ Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին։ 5Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով։ 6Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել։ 7Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ։ 8Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ։ Խաւարն է չոքել համակ ինձ վրայ։ 9Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ։ 10Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս։ 11Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։ 12Գնդերը նրա, բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս։13Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել՝ օտարներին են ճանաչել նրանք։ 14Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են։15Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց։ 16«Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել. 17ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի։ Պաղատանքներով կանչում էի ես որդներին իմ բոլոր հարճերի, 18յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում՝ բամբասում են ինձ։19Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի՝ իմ դէմ են ելել։ 20Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով։ 21Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։ 22Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք։ 23Ի՜նչ կը լինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ 24երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, 25քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ 26յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ։ Տիրոջ կողմից են հասել բոլորը, 27որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը։ Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ։ 28Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի», -29դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից։ Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կ՚իմանան, թէ ո՛ւր է իրենց բուն էութիւնը»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․