Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 12:27-43

27Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ 28Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»։ 30Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար։ 31Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ 32Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»։ 33Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու։ 34Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»։ 35Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ 36Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»։ Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց։ 37Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»։ 39Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40«Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ 41Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին։ 42Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն.43քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․