Գրքեր

Ծննդոց 22:1-18

Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին։ Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատասխանեց. «Այստեղ եմ»։ 2Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»։ 3Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան։4Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը։ 5Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»։ 6Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին։ 7Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»։ Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»։ Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»։ 8Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»։ Նրանք երկուսով գնացին 9եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ։10Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն։11Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»։ 12Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»։ 13Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած։ Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն։ 14Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»։15Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին. 16«Անձովս եմ երդւում, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, 17անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին, 18քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․