Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 14:1-26

Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 3Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին։ 4Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»։ Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ։ 6Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ 8Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»։ 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան։ 12Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»։ 13Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից։ 14Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»։ 15Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»։ 16Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ 17Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին։ 18Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»։ 19Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ։ 20Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ։ 21Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ 22Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ 23Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին։ 24Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»։ 26Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․