Գրքեր

Գործք 2:42-3:21

42Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ։ 43Ամէն մարդու վրայ ընկել էր ահ եւ երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարւում։ 44Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, հասարակաց էր. 45նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր։ 46Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում։ 47Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում։ Եւ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր։ 
3 Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար։ 2Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, - որ կոչւում էր Գեղեցիկ, - որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի։ 3Սա տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ։ 4Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ եւ ասաց. «Նայի՛ր մեզ»։ 5Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։ 6Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կը տամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»։ 7Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները։8Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն։ 9Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս։ 10Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին։ 11Եւ մինչ նա Պետրոսին եւ Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը, զարմացած, վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ։ 12Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. «Ո՛վ Իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք դրան։ 13Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։ 14Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. 15եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք։16Յիսուսի անուան զօրութի՛ւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց։ Եւ Յիսուսի միջոցով եղած հաւա՛տն է, որ սրան տուեց այս առողջութիւնը՝ ձեր բոլորի ներկայութեամբ։ 17Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, 18բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց։ 19Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար,20որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, 21որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․