Գրքեր

Ա Հովհաննես 4:7-21

7Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։ 8Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ 9Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ 10Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։ 11Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց։ 12Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է։ 13Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ։14Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու։ 15Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծու մէջ։ 16Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ։ Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ։ 17Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում։ 18Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։ 19Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ։ 20Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ 21Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․