Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 19:16-20:16

16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ 17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ 27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»։ 
20 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. 15միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ 16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․